Print this page
«Հավասար հնարավորություններ բոլորին»

2015թ-ի հունիսի 1-ին մեկնարկեց «Հավասար հնարավորություններ բոլորին» ծրագիրը, որն իրականացնում է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն » հասարակական կազմակերպությունը ` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղանի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կայացնել և զարգացնել «Երկնային մանանա» սոցիալական ձեռնարկությունը` վաճառքի ծավալների և տեսականու ընդլայնման, աշխատատեղերի կայունացման և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության միջոցով : 

Այս սոցիալական ձեռնարկությունը հիմնվել է 2013թ-ի դեկտեմբերին` հաշմանդամների պաշտպանության միջազգային օրը, «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության «Լայֆ» ծրագրի շրջանակներում` Սևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով: Այն ալյուրով հրուշակեղենի արտադրամաս է, ուր մասնագիտական վերապատրաստում են անցել և աշխատում են 11 հաշմանդամություն ունեցող անձ: ՀԿՍ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կմշակվի և կյանքի կկոչվի սոցիական ձեռնարկության մարքեթինգային ռազմավարությունը, որի արդյունքում կավելանան վաճառքի ծավալները , ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ոչ միայն ավելացնել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձը, այլև ստեղծել նոր աշխատատեղեր և կոտրել հասարակության մեջ արմատավորված կարծրատիպերը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ: