Print this page
Աշտարակի Սբ. Մարիանե կենտրոնի առաջին քայլեր

Ծրագրի նպատակն էր աջակցել Աշտարակ քաղաքի խոցելի ընտանիքների և նրանց դպրոցահասակ երեխաների հզորացմանը` զարգացնելով նրանց կարողությունները և դարձնելով սեփական կյանքում և համայնքում դրական փոփոխությունների ակտիվ մասնակիցներ: 2013 թ. հետազոտվել է Աշտարակ քաղաքի համայնքը, բացահայտվել դժվար կացության մեջ հայտնված ընտանիքները, կատարվել է նրանց կարիքների առաջնային գնահատում: Հիմնադրվել է <<Սուրբ Մարիանե սոցիալական և հոգևոր ծառայությունների կենտրոն>>ը, այն համալրվել է գույքով և համակարգիչներով և սկսվել է աշխատանքը շուրջ 36 խոցելի ընտանիքի և դրանց 177 դպրոցահասակ երեխաների հետ: Հետազոտված ընտանիքների համար կազմվել են սոցիալական պատմություններ, ստեղծվել է տվյալների բազա, յուրաքանչյուր ընտանիքի համար կազմվել է աշխատանքային պլան:

Շահառուները ստացել են սոցիալական, հոգևոր, կրթական ծառայություններ, կազմակերպվել են երգի, նկարչության, համակարգչային դասընթացներ, հուլունքագործության և ցելոֆանագործության խմբակներ:

Կազմակերպվել է երկու միջոցառում`

  1. 8-10 տարեկան 20 երեխա մասնակցեցին ԱՅԲ դպրոցում կազմակերպած Ամանորյա հանդեսին և ստացան տոնական նվերներ: Գրեթե բոլոր երեխաների համար դա կյանքում առաջին այդպիսի մեծ միջոցառումն էր, շատերը սպասումից և հուզմունքից գիշերը նույնիսկ չէին քնել:
  2. Կենտրոնում նշվեցին Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները, երեխաները զարդարեցին տոնածառը և կենտրոնը, շատ կարճ ժամանակում պատրաստեցին տոնական հանդես, նրանց նվերներով այցելեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: 

Նույն օրը Ծրագիրը հյուրընկալեց Շողակաթ հեռուստաընկերության նկարահանող խմբին:

Կազմակերպվել է երկու ուսուցում ծրագրի աշխատակազմի համար 

- խնամակալ և խնամատար ընտանիքների, նրանց գործառույթների, գործունեության, վերահսկման վերաբերյալ, 

- ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվող պետական կառույցների, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց գործառույթների վերաբերյալ: 

  

 

 

Աշտարակում երբևէ չի գործել որևե ծրագիր/կենտրոն, որ աջակցի խոցելի ընտանիքներին, զբաղվի նրանց խնդիրների լուծմամբ, ուր կարողանան դիմել սեփական խնդիրներով և հնարավորություն ունենան ստանալ բազմաբնույթ ծառայություններ, այդ թվում` խորհրդատվություն, աջակցություն, ուղղորդվել տարբեր կառույցներ:

Այս առումով «Սուրբ Մարիանե» ծրագիրն առաջինն է, որն իր առաջին իսկ քայլերը կատարելով, մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ պետական կառույցների մոտ: