Print this page
Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցումը

Եկեղեցիների խոշորագույն միավորումներից մեկը՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը, ողջունում է անցած ամիս հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցումը:

Հակամարտության կողմերին կոչ ենք անում՝ շարունակել հարգել հրադադարի ռեժիմը և մեղմացնել իրադրությունը՝ հետագա զոհերից խուսափելու համար: Մենք խորապես ցավում ենք բոլոր զոհերի համար ու անկեղծորեն ցավում այդ կապակցությամբ: Հայտնում ենք մեր համերաշխությունը բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց հարազատներին: Այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Մենք ճանաչում ենք, նաև վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին:

Այսօր՝ նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, խաղաղությանը միտված ջանքերն առավել քան կարևոր են: Քանի որ երկու կողմերն էլ տուժել են այդ համաճարակից, մենք մտահոգված ենք, որ բռնության սպառնալիքները կարող են մեծացնել առողջապահական ռիսկերը, նաև ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ ունենալ սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիների համար:

Ջրամբարների և գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության դժվարություններն այժմ մեծ սպառնալիք են այդ տարածքներում գտնվող քաղաքացիական բնակչության կենսապահովմանը: Այդ դժվարությունները միայն վերահաստատում են սահմանին փոխըմբռնման և համագործակցության անհրաժեշտությունը:

Այդ համագործակցության համատեքստում պետք է հաշվի առնվի քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը՝ համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի:

Հետևաբար, Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը կոչ է անում բոլոր կրոնական գործիչներին, նաև քաղհասարակության ներկայացուցիչներին ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու գործում, բոլոր կողմերին՝ շարունակել հարգել հրադադարը, մեղմացնել իրադրությունը և խուսափել հետագա զոհերից:

Դաշինքը հորդորում է բոլոր կողմերին հարգել քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան, գործի դնել խաղաղ բանակցություններ վարելու՝ առկա հնարավորությունները, ինչպես նաև օգտվել հաղորդակցության առաջադեմ միջոցներից՝ քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար, բոլոր կողմերի կրոնական սպասվորներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներգրավվել երկխոսության գործընթացներում, որոնք միտված են հակամարտության կարգավորմանը:

Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը միավորում է 120 երկրի 170-ից ավելի եկեղեցի: Հայաստանից կառույցին անդամակցում է դաշինքի հիմնադիր անդամ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը: Դաշինքը կենտրոնացած է արտակարգ իրավիճակներում անհապաղ օգնության տրամադրման, աղքատության հաղթահարման, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ապահովման ծրագրերի և նախագծերի իրականացման ուղղությամբ՝ ամբողջ աշխարհում:

Հայաստանում Դաշինքի աջակցությամբ «Կլոր սեղան» հիմնադրամն իրականացրել է բնական աղետներից և Սիրիայի պատերազմից տուժած մարդկանց օժանդակության տասնյակ ծրագրեր:

Աղբնյուրը՝ 1lure.am