Print this page
«Համայնքային զարգացման, խաղաղաշինության և արտակարգ իրավիճակների արձագանքման գործում կարևոր և նշանակալի է Կլոր սեղան հիմնադրամի դերը»,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում ամփոփեց 2019 թ. գործունեությունը: Հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի դահլիճում:

IMG 4250

Տարեկան միջոցառմանը մասնակցեց և իր օրհնությունն ու պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնակցեցին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հյուրեր ՀՀ կառավարությունից, Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ և այլք:

Վեհափառ Հայրապետը հիշեցրեց, որ Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է 1996 թ.՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ: «Կլոր սեղան հիմնադրամն այսօր կարևոր գործունեություն է իրականացնում խաղաղշինության, համայնքների զարգացման, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման գործում: Շատ կարևոր է ընտանեկան բռնությունների կանխարգելման և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանն ուղղված դասընթացների անցկացումը, որը Կլոր սեղանն իրականացնում է Եկեղեցու թեմերի հոգևորականների համար»,- իր խոսքում նշեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա շեշտեց նաև հայ-ադրբեջանական երկխոսության ծրագրերը, որոնք իրականացրել է Կլոր սեղանը: Վեհափառ Հայրապետը հաջողություն մաղթեց հիմնադրամին՝ ապագա նախաձեռնություններում:

IMG 4229

Միջոցառման ընթացքում Կլոր սեղան հինադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի ղեկավար Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց, որ համայնքներում և թեմերում մեծ դեր ունեն Կլոր սեղանի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնները, որոնց միջոցով բազմաթիվ մարդիկ աջակցություն են ստանում՝ իրենց հոգսը թեթևացնելու հարցում: Նա նաև կարևորեց քուր եկեղեցիների մասնակցությունը Կլոր սեղան հիմնադրամի գործունեությանը և շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկէ և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:

IMG 4273

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն ամփոփեց 2019 թ. իրականացված ծրագրերը,նախանշեց գործունեության առաջնահերթությունները 2020 թ. համար: Նազարյանի խոսքով՝ հիմնադրամն այս տարվա ընթացքում իրականացրել է 38 փոքր և մեծ ծրագիր, որոնց շահառուների թիվն անցել է 3000-ից: «Այսօր մեր գործունեության ուղղություններից կրկին արդիականություն է ձեռք բերում «Հայաստան և հարևաններ» ուղղությունը: Այս շրջանակում մենք տարիներ առաջ երկխոսության ծրագրեր ենք իրականացրել Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հետ: Այժմ կրկին նշմարվում է այդ ծրագրերը վերակենդանացնելու հնարավորություն»,- ասաց Նազարյանը:

IMG 4356

Միջոցաման ընթացքում 2019 թ. իրենց գործունեությունը ներկայացրեցին նաև Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում հիմնադրված և Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնները: Իսկ Արմավիրի Գայ սոցիալական կենտրոնի երգչախումբը գեղարվեստական հատվածով եզրափակեց տոնական միջոցառումը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ 10 սոցիալական կենտրոնների ապրանքների ցուցահանդես: