ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած և վերապատրաստում անցած՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և ուսանողների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ժամանակ ուսանողները ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:
Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ
Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: Նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանում: