Print this page
Գևորգը, Բալիկը և Սարինը՝ իրենց պրակտիկայի մասին

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկայի մասնակիցներից են Գևորգ Կազանջյանը, Բալիկ Քեհեայանը և Սարին Ճենանյանը: Նրանք պրակտիկան անցկացնում են Կոնվերս բանկում: Գևորգը 2 տարեկան էր, երբ ընտանիքի հետ միասին Սիրիայից տեղափոխվեց Շարժա (ԱՄէ)։


2016 թ. երկու կիսամյակ սովորել է Դուբայի համալսարանում՝ Ֆինանսներ և բանկային գործ մասնագիտությամբ։ 2017 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Եվրոպական համալսարան՝ նույն մասնագիտությունը խորացնելու նպատակով։ Դեռ փոքրուց սիրել է ֆինանսաբանկային ոլորտը և մշտապես զբաղվել ինքնակրթությամբ՝ ընթերցելով ոլորտին առնչվող ամենատարբեր գրքեր։


Մասնագիտական պրակտիկան Գևորգն անցնում է Կոնվերս բանկի վարկային գործառնույթների բաժնում, որտեղ հնարավորություն է ունեցել ստանալու կիրառական գիտելիքներ վարկային համակարգի վերաբերյալ։ Հարցին, թե ինչու է դիմել ինթերնշիփային այս ծրագրին, Գևորգը նշեց, որ իր հիմնական մոտիվացիան եղել է մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորությունը։ «Իմ մեծ երազանքներից է աշխատել բանկային համակարգում, իսկ այժմ այս ծրագրի շնորհիվ երազանքս կիսով չափ իրականացավ»,- ոգևորությամբ նշում է Գևորգը:
Մեր հաջորդ զրուցակիցն է Սարին Ճենանյանը, որը սիրիական պատերազմի պատճառով 2014 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Սարինը 22 տարեկան է, սովորում է Եվրոպական համալսարանի Կառավարում բաժնի 4-րդ կուրսում։ Մասնագիտության ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն ներառում է հաշվապահություն, մարքեթինգ, մենեջմենթ, տալիս է մեծ հնարավորություններ և զարգացում։


Սարինն իր մասնագիտական անցկացնում է պրակտիկան Կոնվերս բանկի սպասարկման բաժնում։ Արդեն հասցրել է ծանոթանալ սպասարկման ոլորտին առնչվող տարբեր ընթացակարգերին՝ ձեռք բերելով հաճախորդների հետ շփման հմտություններ։ Թեև Քաթարում մեկ ամիս անցկացրել է պրակտիկա՝ որպես ադմինիստրատիվ օգնական, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո երբեք չի աշխատել։


«Դիմեցի ինթերնշիփային այս ծրագրին, քանի որ ցանկանում էի փորձ և գործնական գիտելիքներ ձեռք բերել, իսկ ունեցած գիտելիքներս էլ՝ կատարելագործել: Մասնագիտական կարիերայի համար անհրաժեշտ է սկսել փոքր քայլերից և աստիճանաբար հասնել հաջողությունների։ Այս ինթերնշիփն իմ առաջին քայլն էր սեփական գործունեությունս Հայաստանում ծավալելու համար, և անչափ ուրախ եմ, որ դարձա ծրագրի մի մասնիկը», - նշում է Սարինը։


Ապագայում Սարինը երազում է ստեղծել սեփական բիզնեսը և յուրահատուկ օծանելիքի արտադրությամբ զբաղվել։ Ամփոփելով՝ Սարինը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին նման հնարավորություն ընձեռելու համար, քանի որ ծրագրի միջոցով առավել դյուրին դարձավ պրակտիկա անցնելու խնդիրը։ Ես միշտ կհիշեմ այս պրակտիկան, քանի որ սա Հայաստանում առաջին շոշափելի քայլս էր դեպի մասնագիտական գործունեություն։ Հուսով եմ, այս պրակտիկան կլինի լավագույն մեկնարկը իմ հետագա աշխատանքային գործունեության համար՝ իրականացնելով բոլոր նպատակներս»։


Կոնվերս բանկում իր մասնագիտական պրակտիկան է անցկացնում նաև Բալիկ Քեհեայանը։ Բալիկը 25 տարեկան է, որը քույրիկի հետ 2014 թ. Սիրիայի Ղամիշլի քաղաքից տեղափոխվել է Հայաստան: Խոսելով Հայաստան գալու պատճառների մասին՝ Բալիկը նշեց, որ պատերազմական դրությունից զատ, իր հիմնական նպատակը եղել է Հայաստանում ուսում ստանալը: Կրթությունը նախ 2 տարի ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտացմամբ։ Հասկանալով, որ մասնագիտական ընտրության հարցում գուցե շտապել է՝ կրթությունը նախընտրել է շարունակել Եվրոպական համալսարանի «Կառավարում» բաժնում։ Բալիկն իր պրակտիկայի հիմնական գործառույթների շրջանակներում, հնարավորություն է ունեցել ծանոթանալ բանկային պայմանագրերին, արձանագրություններին, հրամանագրերին և այլ փաստաթղթերին։


Բալիկի խոսքով՝ մասնագիտական պրակտիկան նոր հնարավորություններ բացեց իր առջև Հայաստանում, կապ ստեղծվեց աշխատանքային միջավայրի հետ, ինչն իր համար ավելի դժվար կարող էր լինել առանց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի աջակցության, քանի որ Հայաստան նոր տեղափոխված երիտասարդները չունեն որևէ շրջանակ` անմիջապես իրազեկվելու երիտասարդական ծրագրերին:


2019 թ. նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, իրականացվում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Պրակտիկայի ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին: