Print this page
Կարևորվում է տղամարդկանց իրազեկվածությունը բռնության կանխարգելման գործում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված խորհրդատվական հանդիպումը: Այն նախատսված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող այն քահանաների և սոցիալական աշխատողների համար, ովքեր հուլիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց համայնքներում պետք է ծավալեն ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված թեմայի շուրջ գործունեություն` կազմակերպելով միջոցառումներ, դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ երիտասարդների, նորապսակ զույգերի, ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային և ժամկետային զինծառայողների մասնակցությամբ` կարևորելով հատկապես տղամարդկանց ներգրավվածությունը: Մասնագետները տղամարդկանց իրազեկության մակարդակի բարձրացումը համարում են հենց այն գլխավոր բանալին, որի միջոցով հնարավոր է լինում կանխարգելել ընտանեկան բռնությունը: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ հանդիպումը տեղի ունեցավ առցանց: Խորհրդատուն էր հոգեբան Դավիթ Գևորգյանը:


Քահանաները և սոց. աշխատողները փորձագետի հետ քննարկեցին սեռադերային կարծրատիպերի, նախապաշարումների, դրանցից բխող խտրական վարքի հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրները, ինչպես նաև ընտանիքներում ծնող-երեխա, կին-ամուսին հարաբերություններում ճգնաժամային, սթրեսային իրավիճակները` ստանալով համապատասխան խորհրդատվություն ճիշտ լուծումներ գտնելու ու հարթեցնելու համար:


Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի վերջիններն իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն: