2019 թ. դեկտեմբեր ամսից սկսած՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը աշխատանք է իրականացնում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ: Ներգրավվել են բազմաթիվ գործընկեր կառույցների՝ ջրագծի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով: Դովեղի բնակիչներին, հասարակական, մասնավոր և պետական տնտեսվարողներին ամենօրյա ռեժիմով խմելու ջուր ապահովելու համար կառուցվում է 2400մ երկարությամբ ջրագիծ, որը կապելու է Ստեփանավան–Նոյեմբերյան հիմնական ջրատարը Դովեղ գյուղի ջրատարի հետ: Գյուղում առկա է խմելու ջրի սպասարկման գործող ներքին ցանց:
Երկար սպասված խմելու ջրի ապահովման աշխատանքի իրականացումը հնարավոր է դարձել Սի-Սի-Դի ՀԿ-ի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Նոյեմբերյանի և Կողբի համայնքապետարանների համատեղ ջանքերի և ներդրումների շնորհիվ։ Նշված բոլոր կազմակերպություններն ապահովել են ֆինանսական աջակցություն՝ աշխատանքի իրականացման նպատակով:
Ապահովվող ջրի ծավալների գնահատման գործում և ջրագծի կառուցման նախագծման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել Նոյեմբերյան և Կողբ խոշորացված համայնքների աշխատակազմերը, Տավուշի մարզպետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները: Շինարարությունն իրականացնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը:
Ծրագրի շրջանակում մատակարարվող խմելու ջրից օգտվելու են Դովեղ բնակավայրի 550 բնակիչները: Գյուղում մշտական խմելու ջրի մատակարարումը կապահովի նաև առկա արտադրամասերի վերագործարկումը և նոր արտադրամասերի հիմնումը, որոնք սահմանամերձ գյուղի բնակիչների համար կապահովեն նոր աշխատատեղեր: