Նորություններ

Նպատակ ունենալով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծել կանաչ ուխտագնացության քաղաքի մոդել` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Կլոր սեղանը, Էջմիածնի քաղաքապետարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համատեղ ծրագիր են ներկայացրել Կրոնների և բնապահպանության դաշինքին:


Ծրագրով նախատեսված է հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում ուխտագնացությունը դարձնել շրջակա միջավայրը չխաթարող ու ավելի գրավիչ՝ Էջմիածինը աստիճանաբար դարձնելով ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար:


Բազմաթիվ ծրագրերից Էջմիածինն աշխարհի սրբազան 5 քաղաքների ներկայացրած ծրագրերի շարքում է, որոնք հետաքրքրել են Կրոնների և բնապահպանության դաշինքին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանի և դաշինքի ներկայացուցիչ Սարա Բարնվինի հետ քննարկել է Էջմիածնի հնարավորություններն այդ ծրագրում ընդգրկվելու հարցում:
Քննարկված ծրագիրն իր մեջ ներառնում է տարբեր ոլորտներ` կանաչապատում, ոռոգում, թափոնների կառավարում, վերականգնվող էներգիա, էկո սնունդ, կրթություն, B&B (հյուրատնային բիզնես) ցանցի ընդլայնում և այլն:


Նախքան Էջմիածնի քաղաքապետարանում հյուրընկալվելը Սարա Բարնվինն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, եղել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ թեմին կից գործող Իջևանի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում, հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև՝ այցելել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արագածոտնի թեմին կից Աշտարակում գործող «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն:


Կրոնների և բնապահպանության դաշինքն ամբողջ աշխարհում իրականացնում է կանաչ ուխտագնացության զարգացմանը նվիրված «Սրբազան քաղաքներ» (Sacred Cities) նախագիծը: Դրա շրջանակում միջկրոնական «Հավատքահեն ներդրումներ» (Faith Invest) նախաձեռնությունը մրցույթի միջոցով ընտրված սրբազան վայրերում իրականացնում է ներդրումներ, որոնք ուղղված են բնության պահպանությանը և սրբավայրերի համայնքների եկամուտներն ավելացնելուն: Օրինակ՝ անցած տարիների ընթացքում նախաձեռնության ներդրումների շնորհիվ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքը Հաջի օրերին ազատվել է հարյուր միլիոնավոր պլաստիկ շշերից: Դա իրականացել է ուխտագնացության ամբողջ երթուղիով ջրի դիսպենսեր սարքերի տեղադրման և ջուրն այդ կերպ վաճառելու շնորհիվ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436