Print this page
ՀԱԵ թեմերի հոգևորականները և սոցաշխատողները վերապատրաստեցին աղետների արագ արձագանքման համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականների, սոցիալական կենտրոնների աշխատակիցների, «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT) հայաստանյան ֆորումի և ՀԿՍ-ի անդամների համար իրականացրեց վերապատրաստման դասընթաց՝ «Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին» թեմայով: Վերապատրաստման դասընթացն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:


ՀԿՍ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացին մասնակցում էր 26 հոգևորականներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Դեռևս 2010 թ-ին ստեղծված հոգևորականների ցանցը պարբերաբար վերապատրաստվում է և աջակցում է հիմնադրամին՝ արագ և օպերատիվ գործելու արտակարգ իրավիճակներում ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում: Նրանք կիրառում են ստացած սոցիալ-հոգեբանական աջակցության հմտություններն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:


Հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական աջակցության հայեցակարգը՝ դասախոսներն անդրադարձան հոգևորականների դերին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման գործում: Ուսումնասիրվեցին նրանց փոխհամագործակցությունը տուժած բնակչության հետ ծանր դեպքերում, զոհերին աջակցելու, մարդասիրական և հոգևոր խնամք կազմակերպելու, համապատասխան մարմինների հետ հաղորդակցվելու և ահազանգ կազմակերպելու, բնակչության տեղահանման աշխատանքային խմբեր ստեղծելու, տարհանման ծրագրեր մշակելու, ռիսկերը գնահատելու և այլ թեմատիկ հարցեր:


Դասընթացավարները շահագրգիռ կողմերի հետ սեմինարն իրականացրեցին՝ ամբողջ ընթացքում հարցերի և պատասխանների, գործնական խնդիրների, աշխատանքների և թեմատիկ վերլուծությունների միջոցով: Ժամանակ հատկացվեց նաև քահանաների պրակտիկայում հատկապես դժվար գործերի քննարկման համար:


2011 թ-ից սկսած՝ հոգևորականներն օգնում են ՀԿՍ-ին արտակարգ իրավիճակներում կապ հաստատելու և կարիքների գնահատման առաջնային տեղեկատվություն ուղարկելու գործում, իսկ հետագայում աջակցում են հումանիտար օգնության կազմակերպման և բաշխման, ցուցակները և հաշվետվությունները կազմելու աշխատանքներում:


ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:


2011 թ. իրականացվել է «Աջակցություն Տավուշի մարզում սողանքի զոհերին» ծրագիրը: 2012-2018 թթ., Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվել են հումանիտար և զարգացման ծրագրեր: 2014 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիայի հակամարտության արդյունքում տեղահանված Քեսաբահայ բնակիչներին: 2016 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Արցախում ապրիլյան պատերազմի արդյունքում տեղահանված բնակիչներին: Դասընթացները կլինեն շարունակական՝ հիմնված հոգևորականների առաջարկների վրա և ըստ անհրաժեշտության: