ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված խորհրդատվական հանդիպումը: Այն նախատեսված էր Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում հոգևոր ծառայություն մատուցող այն քահանաների և սոցիալական աշխատողների համար, ովքեր օգոստոսի 15-ից սկսել են իրենց համայնքներում ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված թեմայի շուրջ ծավալված գործունեության 2-րդ փուլը: Մասնակիցները կազմակերպել են միջոցառումներ, դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ երիտասարդների, նորապսակ զույգերի, ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային և ժամկետային զինծառայողների մասնակցությամբ` կարևորելով հատկապես տղամարդկանց ներգրավվածությունը, քանզի տղամարդկանց իրազեկության մակարդակի բարձրացումը հենց այն գլխավոր բանալին է, որի միջոցով հնարավոր է լինում կանխարգելել ընտանեկան բռնությունը: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ հանդիպումը տեղի ունեցավ առցանց: Խորհրդատուն էր հոգեբան Դավիթ Գևորգյանը:
Քահանաները և սոց. աշխատողները փորձագետի հետ քննարկեցին ընտանիքներում ծնող-երեխա, կին-ամուսին հարաբերություններում ճգնաժամային, սթրեսային իրավիճակները, վախի հասկացության դեմ պայքարելու հնարավոր ճանապարհները: Ինչպես նաև անդրադարձ կատարեցին սեռադերային կարծրատիպերի, նախապաշարումների, դրանցից բխող խտրական վարքի հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ՝ իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած ընդհանուր օրակարգային խնդիրներին` ստանալով համապատասխան խորհրդատվություն ճիշտ լուծումներ գտնելու ու հարթեցնելու համար:
Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն: