«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 3-5-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողների, ինչպես նաև վերջին մեկուկես տարվա շրջանավարտ հանդիսացող՝ 21 սիրիահայ, պարսկահայ և տեղացի երիտասարդների մասնակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին էր դիմել 46 սիրիահայ և տեղացի երիտասարդ, որոնց միջև ընտրությունը կատարվել է առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, մասնագիտական ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Երկրորդ փուլով դիմորդներն անցել են հարցազրույց՝ համապատասխան կառույցների կողմից:
Մասնակիցները ՀՀ պետհամալսարանների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարապետություն և դիզայն, անգլերեն լեզու և հաղորդակցություն, ստոմատոլոգիա, ընդհանուր բժշկություն, դեղագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, ծրագրային ճարտարագիտություն և բիզնես կառավարում ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ են:
Պրակտիկայի նպատակն է ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների կիրառումը և մասնագիտական ակտիվ գործունեության ծավալումը՝ արտադրական և գիտահետազոտական ծրագրերում: «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի պրակտիկայի բաղադրիչի դրույթների համաձայն՝ մասնակիցներն իրենց պրակտիկային տրամադրելու են շաբաթական 15-20 ժամ, որի համար, ծրագրի շրջանակում, ամսական ստանալու են համապատասխան վարձատրություն:
Ծրագրի շնորհիվ երիտասարդները ձեռք կբերեն մասնագիտական աշխատանքային փորձ, նոր հմտություններ, որոնք էլ հիմք կդառնան մասնագիտական աշխատանքի տեղավորմանը:
Երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են պետական և մասնավոր հետևյալ կառույցներում՝
• ՀՀ վարչապետի աշխատակազմ,
• Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբական կենտրոն,
• Ուիզ Քոդ Ակադեմիա,
• Ուայքաստր ՍՊԸ ընկերություն,
• Անտարես Հոլդինգ,
• ԴՈՄԻՆՈ փրոդաքշն,
• ԻՔՍ-ԹԵՔ,
• ԱՅ ԹԻ ԷՅՋ ԴԻ,
• Ուրբան Յունիթ, Ստորակետ, Ալ Համրա ճարտարապետական ստուդիաներ,
• Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա,
• Ֆարմասիր:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման և պրակտիկայի բաղադրիչի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ, փախստական այլ երիտասարդների, ինչպես նաև տեղացի երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: