Print this page
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն աջակցում է սիրիահայ ճարտարապետներին

image1Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ շուրջ երկու ամիս է՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել են սիրիահայ երիտասարդ ճարտարապետների համար անվճար համակարգչային դասընթացները։ Հանրաճանաչ 3dMax և Photoshop ծրագրերի դասընթացներն օգնելու են երիտասարդ ճարտարապետներին և դիզայներներին ի կատար ածել իրենց երևակայությանը համապատասխան պատկերներն ու էսքիզները, ինչպես նաև նախագծել և մոդելավորել տարատեսակ կառույցներ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:


Դասընթացներն իրականացնում է Skillshop կազմակերպությունը, որի հիմնադիր Արեկ Քեշիշյանը նույնպես Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Նա արդեն տարիներ շարունակ դասավանդում է սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին և քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրների և կարիքների մասին: Դասընթացի սիրիահայ մասնակից Կարլոսը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսում: Դեռ մանուկ հասակից երազում էր ճարտարապետ դառնալ: «Համալսարանում դասընթացները հետաքրքիր են, բայց հիմնականում տեսական գիտելիքների տեսքով են մատուցվում: Ցավոք ժամանակակից համակարգչային ծրագրերը չեն դասավանդվում: «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 3dMax-ի դասընթացի եմ հաճախում, որի դրական ազդեցությունն ակնհայտ է»,- նշեց նա:


image4Դասընթացի մասնակից Սերլին նույնպես կիսեց դասընթացի մասին իր տպավորությունները: «Միշտ սիրել եմ արվեստը և երազել եմ նկարչուհի դառնալ: Այժմ սովորում եմ դիզայնի ֆակուլտետում: Photoshop ծրագրի առաջին երկու հանդիպումները բարդ էին, սակայն շուտով հարմարվեցի: Այժմ սովորում ենք թե ինչպես զանազան պատկերներ համատեղել, փոխել նկարների գունային գամմաները: Դիզայների համար այս գիտելիքները շատ օգտակար են,» – նշեց նա: «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիք և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: