«Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:
2020 թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:
Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:
Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020 թ. փետրվարի 1-ին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը: