Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Հանդիպման սկզբում Գյումրիից ժամանած մասնակիցները և Իջևանի խմբի անդամները մասնակցեցին Կլոր սեղան հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանի անցկացրած մեդիա դասընթացին: Այդ ընթացքում նրանք իմացան հեռախոսով նկարահանում և մոնտաժ անելու հիմնարար սկզբունքների մասին, կատարեցին գործնական աշխատանք:


Հակամարտությունների փոխակերպմանը նվիրված դասընթացը և ծրագրերի ներկայացումն անցկացրեցին Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատուի օգնական Հարություն Կարապետյանը, և վերապատրաստում անցած Էրինե Ղարայանն ու Վլադիմիր Պողոսյանը: Հանդիպման ավարտին դասընթացի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:


Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:


Իջևան կատարած այցի շրջանակում Կլոր սեղան հիմնադրամը իրավունքի տարբեր տեսակներին, առաջնորդությանը, Հայոց Ցեղասպանությանն առնչվող մասնագիտական գրականություն և ձեռնարկներ հանձնեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանին:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, սիրիահայ և տեղացի երիտասարդներն այցելեցին Երևանի մանկատներից մեկը։

IMG 1884


Նախքան այցելությունը երիտասարդները պատրաստեցին մի քանի արևելյան կերակրատեսակ՝ մանկատան սաներին արևելյան խոհանոցի յուրահատուկ ուտեստներին ծանոթացնելու համար։ Մանկատանը երիտասարդները ծանոթացան տարբեր տարիքային խմբերի պատկանող երեխաների ու կենտրոնի անձնակազմի հետ և ջերմ մթնոլորտում միասին համտեսեցին պատրաստված կերակուրները։ Երեխաներին ուրախացրեց այն փաստը, որ կերակուրները պատրաստվել էին անձամբ երիտասարդների կողմից։ Միասին ճաշելուց հետո այցելության մասնակիցները, շրջելով կենտրոնի տարբեր սենյակներով, քաղցրավենիք բաժանեցին մանկատան մյուս սաներին։


Երեխաներն այցելության մասնակիցների հետ կիսեցին իրենց երազանքներն ու նպատակները։ «Եթե մենք երբևէ սիրվել ենք մեր ընտանիքի կամ սիրելիների կողմից, ապա մենք ևս պարտավոր ենք այդ նույն սերն ու կարեկցանքը փոխանցել մեկ ուրիշին: Իմ սիրտը ջերմացավ և շոյվեց այդ երեխաներով, որոնց մենք հանդիպեցինք: Նրանք վերահաստատեցին այն միտքը, որ կյանքում ամենակարևորն այն է, թե որքան սեր ենք մենք դնում ամեն գործի մեջ: Անկասկած, շատ ավելի հաճելի է մի բան տալը, քան ստանալը», - նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը:

Կայացավ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկտարյա արդյունքների ամփոփումը:


Հանդիպմանը ներկա էին գործընկեր կառույցների ներկայացուցիչներ`«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակից, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունից, «Հայկական բարեգործական ընդհանուր միությունից» (ՀԲԸՄ), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից, «Միջազգային համագործակցության խնայաբանկերի հիմնադրամ»-ից, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, ծրագրի շահառու երիտասարդներ և այլ հյուրեր:


Ներկաների առջև ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Նա շնորհակալություն հայտնեց Կլոր սեղան հիմնադրամին՝ երիտասարդական այս մեծ կարևորություն ունեցող ծրագրի աջակցության համար: Տկն. Բալխյանը շնորհավորեց ծրագրի շահառու այն երիտասարդներին, ովքեր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մասնակցել են տարբեր դասընթացների և բարեհաջող ավարտել այն: Հիմնադիր նախագահը հորդորեց երիտասարդներին էլ ավելի նպատակասլաց լինել և հասնել նորանոր հաջողությունների:


Անի Բալխյանի ելույթից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում՝ 2018 թ. մարտ ամսից մինչև 2019թ. մայիս ամիս իրականացված գործունեության մասին:


Տեսաֆիլմից հետո, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանն ամփոփ ներկայացրեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը, ձեռքբերումներն ու մեկ տարվա ընթացքում առաջադրված թիրախային նպատակների իրականացումը։


Հաջորդիվ կրկին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված ապրիլի 11-14-ը Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների սեմինարի մասին, որն իրականացվել էր վերոհիշյալ ծրագրի շրջանակում:


Այնուհետև, ծրագրի շրջանակում հաշվապահական, ճարտարապետական Autodesk Revit, TOEFL և Premier Pro դասընթացների, ինչպես նաև համալսարանական կրթավճար ստացած մի քանի մասնակիցներ ցանկություն հայտնեցին արտահայտել իրենց խոսքը և երախտագիտությունը ծրագրի կազմակերպիչներին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու և ստացած տեսական ու գործնական գիտելիքների կապակցությամբ։


Վերոնշյալ դասընթանցերի հավաստագրերի հանձնման համար բեմ հրավիրվեցին «Սքիլլշոփ» և «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնների և «Այ Սի Էլ Թի» լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները։


«Սքիլլշոփ» ուսումնական կենտրոնի տնօրեն Արեգ Քեշիշիանը բարձր գնահատեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի համատեղ գործունեությունը՝ ծրագրի շրջանակներում սիրիահայ երիտասարդներին տրվող հնարավորությունների ու հեռանկարների համար, որին հետևեց ճարտարապետական Autodesk Revit դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնումը:


Ելույթով հանդես եկավ նաև «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Ալեքսանյանը։ Վերջինս մատնանշեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարևորությունը սիրիահայ երիտասարդների տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերման և Հայաստանում աշխատանք գտնելու գործում: Տիկին Ալեքսանյանն իր գոհունակությունը հայտնեց նոր ու հաճելի ծանոթությունների կապակցությամբ և խրախուսեց սիրիահայ երիտասարդներին գործնականում օգտագործել հաշվապահական դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, որին հետևեց դասընթացի մասնակցիների հավաստագրերի հանձնումը:


Այնուհետև խոսքը տրվեց «Այ Սի Էլ Թի» կենտրոնի ներկայացուցիչ Ալլա Իվանյանին, ով մեծ հանդիսավորությամբ TOEFL-ի դասընթացի մասնակիցներին հանձնեց հավաստագրերը և իր շնորհակալությունը հայտնեց ծրագրի կազմակերպիչներին, մասնակիցներին էլ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ըստ իրենց կենտրոնի կարգախոսի՝ “Learn for life”- Սովորիր կյանքի համար:


Հավաստագրերի հանձնումից հետո ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը մատնանշեց ծրագրի շրջանակում իրենց առջև դրված նպատակների լիարժեք իրականացումը, իր խորին շնորհակալությունը հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող կառույցներին, ծրագրի մասնակիցներին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ՝ կյանքի կոչելով նորանոր ծրագրեր՝ ուղղված Հայաստանում սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ու կայացմանը:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթաթոշակների և ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես նաև հոգևոր-հոգեբանական աջակցությունը: 2018 թ. մարտ ամսից ի վեր, ավելի քան 250 սիրիահայ, իրաքահայ և տեղացի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի տարբեր դասընթանցերին և միջոցառումներին:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևորականների և հիմնադրամի աջակցությամբ թեմերում գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպել էր ընտանեկան բռնությունների զոհերի և բռնարարների հետ աշխատանքի վերաբերյալ դասընթաց: Եռօրյա միջոցառման ընթացքում հոգևոր հայրերը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագետի, սոցիոլոգի և հոգեբանի ուղեկցությամբ ծանոթացան թեմային առնչվող տեղեկություններին և մանրամասներին:


Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանը նշեց, որ հոգևորականները, լինելով ընտանեկան բռնության զոհ դարձածների և բռնարարների հետ առաջին առնչվողներից, դասընթացի միջոցով ստացած հմտությունները կկարողանան կիրառել՝ կանխելու բռնության հետագա դեպքերը և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու զոհերին:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը հավաքվածներին պատմեց աշխարհում և Հայաստանում ընտանեկան բռնությունների հետ կապված իրավիճակի և ժողովրդագրության վրա դրանց ունեցած ազդեցության մասին: Ընտանեկան բռնությունների տեսակների ու ձևերի, նախնական նույնականացման ցուցանիշների մասին խոսեց սոցիոլոգ, սոցիալական աշխատանքի փորձագետ Արմինե Մխիթարյանը: Բանախոսության երկրոդ հատվածում նա ներկայացրեց ընտանեկան բռնության ենթարկված և ենթարկած անձանց նույնացման ցուցանիշների, բռնության հակված մարդկանց վարքագծային բնութագրիչների մասին:


Այնուհետև դասընթացի մասնակիցների հետ սկսեց աշխատել հոգեբան Դավիթ Գևորգյանը: Մասնագետը ներկայացրեց ընտանեկան բռնությունների հոգեբանական ասպեկտները, հոգեբանական և հոգեպաթոլոգիական հետևանքները, տեղեկություններ սթրեսի, տրավմայի, զոհի հոգեբանության զարգացման մասին: Դասընթացի երկրորդ և երրորդ օրվա ընթացքում Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնությունների զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հոգեբանական ասպեկտները, մասնակիցներին փոխանցեց խորհրդատվական հիմնական հմտություններ: Կլոր սեղան հիմնադրամը և մասնագետը կարևոր դեր էին հատկացրել նաև գործնական աշխատանքին: Դասընթացի երրորդ օրը հոգեբան Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ ամբողջությամբ նվիրված էր ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հմտությունների ձևավորմանը՝ իրավիճակների բեմադրման և վերլուծության միջոցով: Դասընթացն անցկացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգ Չորեքչյան դահլիճում, կայացավ «Հայաստանի արդի բնապահպանական խնդիրները» խորագրով հանդիպում-քննարկումը: Ելույթ ունեցավ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ –ի նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կարինե Դանիելյանը: Հանդիպում-քննարկմանը ներկա էին՝ ՀԿՍ հիմնադրամի աշխատակիցները, Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Գայի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնների շահառուները, Գևորգյան ճեմարանի ուսանողներ և ՀԱԵ ներկայացուցիչներ:

Միջոցառումը վարում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Պրոֆ. Կարինե Դանիելյանի ելույթը մեծ ուշադրության արժանացավ, կայացավ մտքերի փոխանակում և ակտիվ քննարկում թեմայի շուրջ: Քննարկման ընթացքում մասնակիցները կարևոր համարեցին ՀՀ բնապահպանական խնդիրների լուծման գործում հետևողական լինելը, պատրաստակամություն հայտնեցին հնարավոր միջոցներով ներդրում ունենալ և հետևողական լինել շրջակա միջավայրի առողջության պահպանման գործում: Միջոցառումը կազմակերպվել էր Կլոր սեղան հիմադրամի «Երիտասարդները հանուն բնապահպանության» դրամաշնորհային ծրագիրի շրջանակում:

IMG 5879ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում գնդերեցների վերապատրաստման դասընթացը:


ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ աղոթական հոգով ամփոփեցին 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայոց բանակին ու զորականին իրենց մատուցած ծառայությունները։ Ժողովին ներկա էին Հնդկահայոց հոգևոր հովիվ, նախկին ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ԳՀՃ տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանը։


Դասընթացը վարեց ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը: Նա ի մի բերեց մասնակիցների ստացած գիտելիքներն այս ոլորտում, խոսեց զինծառայողի հոգեվիճակի յուրահատկությունների, ագրեսիվ վարքի սոցիալ-հոգեբանական գործոնների և ներհոգեկան մեխանիզմների, խարանավորման հատկանիշների, բռնության և խոշտանգման հոգեբանական հետևանքների, հոգեբանական տրավմաների,հոգետրավմայի և դրա հետ կապված աշխատանքների և այլ թեմաներով:


Թեմատիկ զեկույցներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով քանի որ առավել արդիական են ու անհրաժեշտ զինվորի և բանակում տիրող բռնությունների պարագայում։ Դասընթացի ընթացքում բանակում սպասավորող հոգևորականները նաև լսեցին կրոնագետ Վարդան Խաչատրյանի ներկայացրած ‹‹Հոգևոր գործոնը ռազմական համակարգերում›› բանախոսությունը:


Գնդերեցները կարևորեցին իրենց ամենօրյա ծառայության մեջ նմանօրինակ վերապատրատման անհրաժեշտությունը: Նրանք աղոթքի և խոկման շուրջ համախմբվեցին հանուն հայ զորականի հոգեկերտվածքի ամրության և անխոցելիության։

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Մասնակիցների համար մեծ առիթ էր վայելելու հայ մեծ նկարչի գործերը և գտնվել նրա արվեստանոցում:


Մարտիրոս Սարյանն ասել է. «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին և առանց հարազատ հողի, հայրենիքի սերտ կապի, չես կարող գտնել ինքդ քեզ, քո հոգին»: Մենք այս խոսքերը վերապրեցինք նրա ամեն մի նկարի և ամեն մի գունային ջերմության մեջ,-նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը:


Մասնակիցները մեծապես հիացած էին մշակութային այդ գլուխգործոցներով: Շատերի համար այցելությունը Սարյանի տուն-թանգարան առաջին անգամ էր:


Մասնակիցներից մեկը նշեց. «Շատ տպավորված եմ թանգարանի գեղեցկությամբ, պարզությամբ, ներդաշնակությամբ և մթնոլորտով: Հուսով եմ, որ այս հրաշալի վայրը խնամքով կպահպանվի դարերով, և մեր հաջորդ սերունդները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն այս լուսավոր ներկայացուցչի` Մ. Սարյանի կյանքի և գործունեության, այլ նաև մեր պատմության և մշակույթի հետ»:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ հոգևոր-հոգեբանական աջակցության միջոցառումների նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, որոնց շարքում իր ուրույն դերն ունեցավ նաև Մ. Սարյանի տուն-թանգարան այցելությունը:

IMG 5359ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած և վերապատրաստում անցած՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և ուսանողների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ժամանակ ուսանողները ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: Նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանում:

Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այդ առիթով Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն կազմակերպել էին բարեգործական համերգ և downchildren.am կայքի շնորհանդեսը: Կայքը նախատեսված է դաունի համախտանիշով մարդկանց ու նրանց հարազատների համար:

Երեկոյին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախագահ Կարեն Նազարյանը, կառավարության անդամներ:

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացած միջոցառման բացման ժամանակ Հայ Առաքեական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը և ողջույնի խոսքը: Սրբազանը նաև շեշտեց, որ հասարակությունն զգալի աաջընթաց է արձանագրել դաունի համախտանիշով մարդկանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ, սակայն ճանապարհը դեեռևս երկար է: «Օրհնաբեր և հոգեշահ այս միջոցառմանը բոլորս ներկա ենք այն հավատքով ու վստահությամբ, որ ծնողների, մտահոգ ու բարեհոգի մարդկանց  հոգատարության, համապատասխան օգնության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ Դաունի համախտանիշով մարդիկ կարող են լուրջ ձեռքբերումների հասնել և դառնալ մի մեծ արև, որի ջերմությունն ու լույսը կմխիթարի  ամենքիս»,- ասաց սրբազան հայրը:



Երևանի Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև երեխաներ» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախգահ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց իր հուզմունքն ու ապրումներն այն պահին, երբ իմացել է, որ իր որդին նույնպես առանձնանում է մյուսներից: «Ես էլ էի շփոթված: Հարցնում էի՝ ինչու՞ ես, Տեր: Հիմա գիտեմ, որ ես, որպես հոգևորական, պետք է այս արև-երեխաների կողքին լինեմ։ Մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը։ Խոսքը դրամական, նյութական օգնության մասին չէ։ Խոսքը ձեր հոգատարության, ուշադրության մասին է, որի կարիքն ունեն թե՛ այս արև-երեխաները, թե՛ նրանց ծնողները»,- ասաց Տեր հայրը:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկու պրեմիերա: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես կարող եմ» սոցիալական հոլովակը: Այն նկարահանվել է «Արև երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ հնչեց Դաունի համաշխատնիշ ունեցող երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը:

Կլոր սեղան հիմնադրամը տեսահոլովակի պատրաստմանն աջակցելուց բացի ֆինանսավորել է «Դաունի համախտանիշ: Ձեռնարկ ծնողների համար» գրքի տպագրությունը:


Համերգային ծրագրի սկզբում ելույթ ունեցան Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողոկաթ» երգչախմբի երեխաները: Իսկ երկրորդ հատվածում յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցան Աննա և Անահիտ Մխիթարյան քուրերը՝ «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո խմբով ներկայացնելով հայ ժողովրդական երգերի պոպուրի:


Միջոցառման ավարտին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ պետք է մեծ ջանքեր գործադրել կարծրատիպերը կոտրելու և Դաունի համախտանիշ ունեցող անձանց հասարակական կյանքում ամբողջությամբ ընդգրկելու համար: « Պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը»,- ընդգծեց Թաթոյանը:


Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի աշխարհի Հատուկ օլիմպիադայի խաղերի լողի երկակի չեմպիոն, Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին, ով օրեր առաջ կորցրել է իր մայրիկին: Իսկ մյուս մասը կտրամադրվի «Արև երեխաներ» ՀԿ-ին՝ Դաունի համախտանիշով երեխաների առողջական խնդիրների լուծման նպատակով:

 


Դաունի համախտանիշի մասին


Աղբյուրը՝ Վիկիպեդիա
Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվականին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը։


Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։ Մինչև 1980-ական թվականները, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը ցածր էր, սակայն հավասար հնարավորությունները, գիտության զարգացումն ու հասարակական վերաբերմունքի փոփոխությունները բերեցին տևողության աճի։ Նրանց կյանքի տևողությունը 1983 թվականից զգալիորեն աճել է՝ 25 տարեկանից դառնալով 60[5]։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող անձինք ունեն խիստ արտահայտված մտավոր խնդիրներ։ Մտավոր դժվարությունների աստիճանը կարող է շատ տարբեր լինել՝ թույլից մինչև միջին մակարդակի։ Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները լիարժեք մասնակցում են հասարակական և անհատական կրթական ծրագրերին։ Ուսուցիչները և հետազոտողները դեռևս բացահայտում են Դաունի համախտանիշով մարդկանց կրթական պոտենցիալը։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ միշտ ուրախ են։ Նրանք մյուս բոլոր մարդկանց նման ունեն զգացմունքներ, կարող են արտահայտել բոլոր հույզերը։

Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող անհատներին ներգրավված են հասարակական տարբեր գործընթացներում, համայնքային կազմակերպություններում, դպրոցներում, առողջապահական, զբաղվածությունը խթանող, ժամանցային ծրագրերում։ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Ֆինլանդիան, օրինակ, ներկայացրեց փանկ-ռոքերների «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որի բոլոր անդամները Դաունի համախտանիշ ունեին[6]։ Հայաստանի Հանրապետությունում Դաունի համախտանիշ ունեցող անձինք քիչ ներառված են կրթական համակարգում։ Հասարակությունում առկա կարծրատիպերի, տեղեկատվության պակասի պատճառով Դաունի համախտանիշ ունեցող նորածիններին ավելի հաճախ են մանկատուն հանձնում։ Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2014 թվականին Դաունի համախտանիշ ունեցող 22 երեխաներ հենց հիվանդանոցից մանկատուն են տեղափոխվել։ Միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանում ստեղծված այդ իրավիճակին՝ գրելով, թե Հայաստանում ամոթ է Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնող դառնալը։

 

Աղվերանում մարտի 19-20-ն անցկացվեց «Կոնֆլիկնետրի փոխակերպում» խորագրով դասընթացավարների դասընթացը: Մասնակիցները սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բուհերի աշխատակիցներ և կամավորներ էին: Նրանց ընտրել և հավանության են արժանացրել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Իջևանում և Գյումրիում գործող սոցիալական կենտրոնների գործընկերները: Դասընթացի նպատակն էր դասընթացավարներին տրամադրել հիմնական գիտելիք՝ իրենց համայնքներում երիտասարդներին փոխանցելու համար: Դասընթացն իրականացավ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:


Ծրագրի միջոցով Կլոր սեղան հիմնադրամն նպատակ ունի ուժեղացնել տեղական և եկեղեցահեն կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքների երիտասարդներին փոխանցեն կոնֆլիկտների ոչ բռնի փոխակերպման հմտությունները: Դասընթացի համար Կլոր սեղան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Swisspeace կազմակերպության փորձագետները մշակել են ձեռնարկ: Այն ստեղծվել է Հայաստանի Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների մասնակցությամբ և նրանց կարիքների մասնակցային գնահատման միջոցով: Աղվերանի դասընթացն իրականացրեց ձեռնարկի հեղինակներից մեկը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436