Նորություններ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից՝ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կայացավ հանդիպում՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների հետ: Հանդիպման նպատակը սիրիահայ ուսանողությանը կրթաթոշակային հնարավորություններին ծանոթացնելն էր: Մասնակիցները ծանոթացան կառույցներին, կիսեցին կրթաթոշակային ծրագրերի դիմելու իրենց փորձը և փոխանակեցին հավելյալ տեղեկություններ:

DSC 1949


Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կազմակերպվող փրձնակության ծրագիրը՝ նախատեսված սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, անցնել 2-ամսյա վճարովի մասնագիտական պրակտիկա՝ Հայաստանի առաջատար ընկերություններում և կազմակերպություններում, ինչը հնարավորություն է տալու երիտասարդներին ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային՝ արդեն ունենալով մասնագիտական փորձ:

DSC 2004
Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Ալեպպո քյուզին» կենտրոնի ուտեստները, որի ընթացքում էլ շարունակվեց քննարկումը՝ հարցուպատասխանի տեսքով առավել ջերմ մթնոլորտում:

DSC 1961
Ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներն ու մասնագիտական հմտությունների բարելավումը, որոնց շնորհիվ ապահովվում է նրանց կապը հայաստանյան աշխատաշուկայի հետ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) անցկացվեց «Ներառական կրթություն» խորագրով եռօրյա սեմինար: Կազմակերպիչներն են «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցները և ՀԱԵ Շիրակի Թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները: Քննարկումը նվիրված է ներառական կրթությանը, դրա դժվարությունների, կոնֆլիկտային իրավիճակների և հաղթահարման ուղիներին: Փորձի փոխանակման նպատակով սեմինարին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

20190925125831 IMG 2738


Քննարկմանը ներկա էին նաև ՇՊՀ-ի սոցիալական աշխատանքի և հոգեբանության ֆակուլտետների 1-ի և 2-րդ կուրսերի ուսանողները: Մասնագիտական դիրքորոշումը քննարկվող թեմայի շուրջ հայտնեց ՇՊՀ-ի դասախոս և սոցիալական աշխատող Էլվիրա Զարգարյանը: ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտ. թեկ., դոցենտ Կարինե Սահակյանը ողջունեց ուսանողներին այս նախաձեռնության համար՝ կարևորելով նմանատիպ քննարկումները երիտասարդների միջև: Տարբեր խմբերի բաժանվելուց հետո մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրեցին իրենց պատկերացումը թեմայի վերաբերյալ: Ուսանողների կարծիքով՝ նմանատիպ հանդիպումները խթան կհանդիսանան հասարակության տարբեր խավերի միջև խաղաղաշինության և համերաշխության համար:

20190925141423 IMG 2811


Հանդիպումն անցկացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը արդեն տասնչորսերոդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը: Այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նպաստել Թումանյանի և իր ստեղծագործությունների հանրահռչակմանը:

IMG 2529

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019թթ. օրացույցում: ՀՀ Վարչապետի կարգադրությամբ ստեղծված է կառավարական հանձնաժողով:

IMG 2514

Փառատոնին մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այս տարի ևս փառատոնը հովանավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և նախարարությունը: Այս տարի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը միացել է մյուս աջակիցներին՝ «Գրանդ Քենդի» ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, փառատոնին օժանդակել են Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզպետարանները, այլ կազմակերպություններ և ընկերություններ:

IMG 2528

Փառատոնի մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հովհ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Այնուհետև տեղի ունեցավ թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա սկսվեցին փառատոնի առաջին ներկայացումները: Ներկայացումներն անվճար կցուցադրվեն Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում, Երևանում և Թբիլիսիում: Փառատոնի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

IMG 2513

Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի և Խաղաղության միջազգային օրվա, հանդիսավոր արարողություն տեղի կունենա Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող «Խաղաղության ծառի» մոտ, որը 2015 թ. հունիսի 3-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով տնկել են «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի մասնակիցները:

IMG 2566

Փառատոնին մասնակցելու են 15 տիկնիկային թատրոններ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, (74 մասնակից) և 9 տիկնիկային թատրոններ արտասահմանից (63 մասնակից), այդ թվում Վրաստանից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից: Փառատոնի մասնակից արտասահմանյան թատրոնները առաջին անգամ ցուցադրելու են նաև թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով տիկնիկային ներկայացումներ: Փառատոնի ներկայացումները կդիտեն մոտ 8000 երեխաներ և մեծահասակներ:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր տաղավարով այս տարի ևս մասնակցեց «Բերքի տոն 2019»-ին: Ներկայացվել էին ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, Գավառի փախլավա, գաթա, արևելյան քաղցրավենիք, համեմունքներ, Հաղարծնի մեղր, օշարակներ, մուրաբաներ:

IMG 2315

 

«Բերքի տոն 2019»-ին առանձին սեղաններով մասնակցեցին Ջրվեժի, Քարակերտի, Գայի, Աշտարակի, Գավառի, Վարդենիսի և Իջևանի սոցիալական կենտրոնները, սիրիահայերի աջակցության ծրագրերի մասնակից սիրիահայ կանայք:

IMG 2308Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում ստեղծված կենտրոններում գործում են տարբեր խմբակներ, որոնց մասնակիցները հաճախ են տարբեր ցուցահանդեսներին և փառատոներին ներկայացնում իրենց աշխատանքները:

Ավարտվեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» 6-րդ փառատոնը: Օգոստոսի 23-30-ը Երևանում և մարզերում անցկացված փառատոնի ընթացքում տեղի ունեցան կինոդիտումներ, քննարկումներ ֆիլմերի հեղինակների հետ, հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոների կոնֆերանս, համերգային բացօթյա ծրագրեր: «Ֆրեսկո» փառատոնն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Չնայած, որ փառատոնի կազմակերպիչներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը հայտարարում են, թե փառատոնում չհաղթած ֆիլմեր չկան, քանզի յուրաքանչյուր ֆիլմ հոգևոր արժեք է, այնուամենայնիվ, ներկայացրին անվանակարգերում հաղթած ֆիլմերը:

  • Լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը ԱՄՆ-ից:
  • Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում հաղթեց «Մրցանակ» ֆիլմը Մակեդոնիայից:
  • «Խաղաղություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տամբորի լացը» ֆիլմը Տաջիկստանից:
  • Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթողը «Ես կամավոր եմ» ֆիլմն էր Ռուսաստանից:
  • «Քաջություն և հույս» անվանակարգի մրցանակն էլ գնաց Ռուսաստան` «Բարձունքի հատակից» ֆիլմին:
  • Հույս անվանակարգում հաղթեց «Շախմատ» ֆիլմը՝ Իտալիայից:
  • Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» մրցանակը տրվեց «Ընտանիքի 7 գույները» ֆիլմին Ռուսաստանից:
  • «Հայրենասիրությունը» բաժին հասավ Հայաստանին. հաղթեց «Միացյալ թագավորություն» ֆիլմը:
  • Լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթեց «Իմ անունը Պետյա է» ֆիլմը՝Ռուսաստանից: 

Փառատոնին մասնակցել է 37 ֆիլմ` 13 երկրից: Մրցանակ- հուշանվերները պատրաստել են Նոր Խարբերդի մանկատան սաները, իսկ պատվոգրերը պատրաստվել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից հավաքված ծաղիկների թերթերից:  

Լուսանկարները՝ SPUTNIK Armenia-ի:

Օգոստոսի 20-24-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում կայացել է «Կրոնները՝ հանուն խաղաղության» շարժման 10-րդ համաշխահային համաժողովը: Համաժողովին նախորդել էր կանանց և երիտասարդության հարցերով հանդիպումը:

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության և Բավարիայի մարզի աջակցությամբ: Համաժողովին մասնակցել է 100-ից ավելի երկրից ժամանած 900 կրոնական առաջնորդի, կառավարությունների ներկայացուցիչների, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, կանանց և երիտասարդների հավատքահեն կազմակերպությունների ներկայացուցիչների: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից հանդիպմանը մասնակցել է ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:

20190819 090418

Համաժողովը նախաձեռնել է քննարկումներ «Հոգալով մեր ընդհանուր ապագայի մասին՝ կառուցենք ընդհանուր բարեկեցություն» թեմայով: Համաժողովի մասնակիցները կոչ են արել գործողություններ և գործակցություն սկսել համընդհանուր բարեկեցության համար: Միջոցառման ավարտին մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որով պատրաստակամություն են հայտնել նախաձեռներ գործողություններ ընդհանուր բարեկեցության համար՝ կանխելով և փոխակերպելով կոնֆլիկտները, աջակցելով արդար և ներդաշնակ հասարակության հաստատմանը, օժանդակելով կայուն և ինտեգրված մարդկային զարգացումը և պահպանելով Երկիրը:

«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում կայացավ հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչների հանդիպում- քննարկումը՝ «Մարդը՝ նշանակետի տակ» խորագրով: Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) շենքում կայացած կոնֆերանսին ներկա էին Իտալիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում անցկացվող հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչները: Նրանք Հայաստան են ժամանել «Ֆրեսկո 2019»-ին մասնակցելու, փառատոնի ընթացքում իրենց փառատոներին մասնակցած որոշ ֆիլմեր ցուցադրելու և հանդիպումներին ու քննարկումներին մասնակցելու նպատակով:

IMG 2187
Մասնակիցներն իրենց փառատոները ներկայացնելուց հետո քննարկեցին կինոյի մեջ հոգևորի ազդեցությունը, հաշմանդամության թեման կինոյի մեջ, համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

IMG 2191


«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն անցկացվում է օգոստոսի 23-30-ը: Փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

IMG 2193


Փառատոնի մասին առավել մանրամասն՝ այստեղ:
Փառատոնի ծրագիրը՝ այստեղ:

 

Օգոստոսի 24-30-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնը: Հայաստանն այդ օրերին կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքում, Նկարիչների միությունում, Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության շենքում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Կինոդիտում կկազմակերպվի Սաղոմսավանքում։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 10-ից ավելի երկրներից 37 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր:

IMG 2083
«Ֆրեսկո 2018»-ն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ: Գլխավոր գործընկերն է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:


Ֆրեսկո 2019 փառատոնի ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի
փառատոնի ընդհանուր նկարագիրը


Ֆրեսկո՝ կինոփառատոնի նոր բանաձև:
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:


«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում:


«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց:
Փառատոնի մի մասն անցկացվում է Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների:

Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերում:


Սիրելու առաջին քայլը ճանաչելն է:


Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
«Ֆրեսկո» կինոծրագիր՝ խոսում ենք մարդասիրության լեզվով:


Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ:

IMG 2121

Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում`


Լավագույն ուղերձ «Հավատ»,
Լավագույն ուղերձ «Հույս»,
Լավագույն ուղերձ «Սեր»,
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»,
Լավագույն ուղերձ «Քաջություն»,
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»,
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»:

Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր:


Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:
Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով:

IMG 2158

Տարվա խորհրդանիշերը:


Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին
Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքով պատրաստում են փառատոնի խորհդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը: Հուշանվերների հազարավոր օրինակները հանդիսավոր կերպ՝ բեմականցմամբ բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց:
Մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր, մրցանակներ:
Փառատոնի աշխատանքներում ներգրաված են ավելի քան 200 կամավորներ:

Հատուկ ծրագրեր:


Միասին կարող ենք…


«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների ձեռքերով:

20190717 120103ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ - կամավորական աշխատանքների ծառայություն» ՀԿ-ն իրականացնում է «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագիրը: Այս տարի ծրագիրը նախատեսել է 12 ճամբար ՀՀ տարածքում` Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, Զվարթնոց տաճարում, Տեսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոցում, Աբովյանի և Իջևանի ՍՈՍ մանկական գյուղերում, Երևանի բուսաբանական այգում, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» թաղամասում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Ճամբարներին մասնակցում են երիտասարդներ Հայաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովենիայից, Թայվանից և այլ երկրներից:

20190717 114413

Կլոր սեղան իմնադրամի ծրագրերի պատասխանատուի օգնական Հարություն Կարապետյանն այցելեց Ջվարթնոց տաճարում գործող ճամաբար, որը սկսել էր իր աշխատանքները հուլիսի 13-ից: Ճամբարում աշխատում է 13 երիտասարդ, որոնք ընդգրկված են Զվարթնոց տաճարի և ճամբարի հարակից տարածքների բարեկանգման աշխատանքում: Կամավորների համար ստեղծվել են աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ: Երիտասարդները կիսեցին իրենց տպավորությունները Հայաստանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, ինչպես նաև հայտնեցին իրենց գոհունակությունը նման ճամբարներ կազմակերպելու համար:

Ավարտվեց Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ամառային էկումենիկ ճամբարը` համագործակցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 8-13-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Ծրագրին մասնակցել են 11-16 տարեկան 63 պատանիներ, 7 ջոկատավարներ, 2 սարկավագներ և 8 ղեկավար կազմ: Պատանիները ճամբարային հագեցած 6 օրվա ընթացքում մասնացկել են տարբեր մրցույթների, վիկտորինաների, սեմինարների, դասընթացների և այլ բովանդակալից միջոցառումների: Քննարկվող թեմաներից են եղել ընտանեկան բռնության կանխարգելումը, անցկացվել են աստվածաշնչյան ընթերցումներ, հայկական ավանդույթների և ծեսերի մասին լսումներ, խեցեգործության դասընթացներ, հանդիպումներ հոգեբանի հետ:

Հիանալի շենքային պայմաններ ունեցող ճամբարի մասնակիցների թվում էին պատանիներ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկէ, Հայ Ավետարանական Եկեղեցիներից, ասորի, հույն և եզդի համայնքներից: Նրանց ուղեկցել, և հոգևոր գիտելիք են փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ: Դասընթացներ են անցկացրել առաջատար մասնագետներ, փորձագետներ: Այս տարի առաջին անգամ է, որ ճամբարի կազմակերպիչները որոշել էին ընդգրկել նաև տղաներին:

Արտաշատից ժամանած Մարիամը նշում է, որ իր համար ճամբարը նշանավորվել է նոր ընկերների ձեռքբերումով, նոր հոգևոր գիտելիքի պաշարով և անչափ հետաքրքիր և հագեցած առօրյայով:

Ասորի համայնքից Արաքսյա Ավչիևան իրեն համայնքի պատանիների ջոկատավարն է: Ասում է, որ աննկարագրելի և հույժ օգտակար 6 օր են անցկացրել: «Անշուշտ, կարևոր է, որպեսզի մեր համայնքը շփվի այլ համայնքների հետ: Այդպես մենք միմյանց ավելի լավ ենք ճանաչում»,- նշում է Ավչիևան: Լուսինե Ավչյանը փաստում է. «Ես նախկինում մի քանի ճաբարների եմ մասնակցել: Եթե առաջ օրերն էի հաշվում, թե երբ եմ վերադառնալու տուն, այս ճամբարից չեմ ուզում հեռանալ: Մայրս այնքան զարմացած էր, որ նման փոփոխություն է եղել իմ մեջ: Ես արցունքն աչքերիս եմ բաժանվելու ընկերներիցս»:

Ասորի համայնքից Իոսիֆ Աբրամովը, Անդրեյ Միրզոևը և Հրանտ Գրիգորյանը համաձայն էին ջոկատավարի հետ: Նրանք հատկապես կարևորեցին ասորի ժողովրդի մասին պատմելու հնարավորության և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:

Կիսով չափ ասորի Աննա Ղազարյանն էլ ասում է. «Այս ճամբարի շնորհիվ ես ավելի սկսեցի հետաքրքրվել իմ ասորական արմատներով: Ասորերեն ես սովորել եմ տատիկիցս: Հիմա ավելի շատ ուշադրություն կդարձնեմ: Մինչև հիմա ես ակտիվորեն ներգրավված եմ եղե Հայ Առաքելական Եկեղեցու համայնքին»,- ասում է Աննան:

Ճամբարը եզրափակվեց հայկական ավանդական երգերով ու պարերով, ինչպես նաև ծեսերի բեմականացմամբ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436