Նորություններ

Հունիսի 7-9-ը Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր դասընթաց՝ Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմերի հոգևորականների ու թեմերին կից սոցիալ-կրթական կենտրոնների սոցիալական աշխատողների ու մանկավարժների համար: Այն նվիրված էր ընտանիքում բռնությունների կանախարգելմանը և բռնության զոհերի, բռնարարների ու բռնությունից ազդված երեխաների հետ աշխատանքին:


Դասընթացը վարեցին հոգեբան-փորձագետ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը և սոցիոլոգ-փորձագետ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական նորարարությունների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը: Նա լսարանին ներկայացրեց ընտանեկան բռնության տեսակները, ընտանեկան բռնության ենթարկված և ենթարկած անձանց նույնացման ցուցանիշներ, բռնության հակված մարդկանց վարքագծային բնութագրիչները, հաշտեցման գործընթացը, դրա սուբյեկտները, սկզբունքները: Դավիթ Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնությունների հոգեբանական ասպեկտները, զոհի հոգեբանության զարգացման մեխանիզմները, Ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հոգեբանական կողմեր, ինչպես նաև խորհրդատվության հիմնական սկզբունքները և հմտությունները:


ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը մասնակիցներին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, դրա կիրառման մեխանիզմների նախապատրաստման ընթացքը: Մասնակիցները հնարավորություն ունեցան օրենքի կիրառման հետ կապված իրենց հարցերն ուղղել ու մտահոգություններն արտահայտել՝ բերելով իրենց փորձից կոնկրետ օրինակներ:


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնեց: Նա ընդգծեց եկեղեցու մասնակցության կարևորությունը Հայաստանում ընտանեկան բռնությունների վերացման ուղղությամբ՝ տեսնելով հոգևորականների ու եկեղեցու աշխարհիկ աշխատողների դերը և՛ կանխարգելման, և՛ համայնքներում ընտանիքների հետ աշխատանքի միջոցով:
Երեկոյան դասընթացի մասնակիցները Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հետ հնարավորություն ունեցան զրուցել «Եկեղեցին և բռնությունները ընտանիքում» թեմայի մասին: Մասնակիցները քննարկեցին բռնության զարգացման հոգևոր կողմերը, հոգևոր առողջացման նախապայմաններն ու եկեղեցու դերը՝ ընտանիքում բռնությունների հետ բախված անձանց աջակցելու գործում:


Դասընթացը իրականացվել է «Գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելում» ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ծրագիրն իրականացվում է արդեն ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ նպաստել գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելմանը Հայաստանում: Ծրագրի նախորդ տարիների ընթացքում ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ իրականացվել են իրազեկման բարձրացման լայնածավալ աշխատանքներ: Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացվել են դասընթացներ, սեմինարներ և զրույցներ երիտասարդների հետ ՀՀ Ազգային բանակի զորամասերում, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների, համայնքում մեծահասակների խմբերի հետ, որին հետևել են հոգևորականի անհատական խորհրդատվություններն ու տնայցերը: Ծրագրին մասնակցել է (ծրագրին մասնակցել են) մոտ 35000 մարդ:


Նախատեսվում է, որ 2018թ. վերապատրաստված հոգևորականները հոգեբանների և սոցիալական աշխատողների հետ ներկայացված համայնքներում կիրականցնեն ընտանիքում բռնությունների զոհերի ու բռնարարների հետ շարունակական աշխատանք՝ մատուցելով բազմակողմանի սոցիալական և հոգեբանական աջակցության ծառայություններ:

 

2018 թ. հունիսի 9-ից 10-ը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մի խումբ սիրիահայ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Սյունիքի մարզ և այցելեցին Տաթևի վանական համալիր, Քարահունջ («Զորաց քարեր») և Նորավանք: Ուխտագնացության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Տաթևի վանքին, որը դարեր շարունակ եղել է հզոր հոգևոր և կրթամշակութային կենտրոն, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

«Այսպիսի ուխտագնացությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ կարճ ժամանակի ընթացքում շատ բան սովորեցինք Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին: Ընկերական միջավայրում ավելի հեշտ է այս ամենն ընկալել, քան գրքերում կարդալով,» - ասաց մասնակիցներից մեկը:

Սիրիահայ երիտասարդներն օգտվեցին հանրահայտ «ՏաԹևեր» ճոպանուղուց: Թեև շատերն անհանգստանում էին, որ իրենց կյանքը բառի բուն իմաստով «թելից է կախված», սակայն շուտով համոզվեցին, որ ճոպանուղին անվտանգ է և ողջ երթի ընթացքում հիացան Սյունիքի զառիթափ ժայռերով և մոգական բնությամբ:

«Մենք իսկապես Աստծո կողմից օրհնված ազգ ենք: Այս պատերին նայելով դա եմ զգում,» - ընդգծեց մասնակիցներից մեկը: Նա շատ ուրախ էի հանդիպելու Տաթևի վանահայր Հայր Միքայել աբեղա Գևորգյանին: Ուղևորության մասնակից Կառլոսը կիսեց իր տպավորությունները. «Շատ ուրախ եմ, որ նման ծրագրի եմ մասնակցում: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ և շատ եմ սիրում հայկական ճարտարապետությունը: Ինձ կարևոր է Հայաստանում շրջագայելն ու եկեղեցիների ճարտարապետությանը ծանոթանալը,» - նշեց նա:

Մասնակիցները շատ տպավորված էին ուխտագնացությամբ և հիանալի տրամադրությամբ վերադարձան Երևան: Նրանք ոչ միայն հայաստանյան կարևոր հոգևոր կենտրոնների մասին նոր գիտելիքներ ստացան, այլև նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին և կիսեցին իրենց տպավորություններն ու փորձը:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում անցկացվեց «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց «Բանակում անձի անհատական առանձնահատկությունները և դեստրուկտիվ հակումների կանխարգելման հիմնախնդիրը» թեմաներով, որին մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող 56 գնդերեցներ:

Դասընթացը դեռևս 2017թ-ին սկսած նախաձեռնության շարունակությունն է: Այն նպատակ ունի մասնակիցների մոտ ձևավորել հոգեբանական կայունության և տրավմատիկ իրավիճակում համապատասխան առաջին հոգևոր-հոգեբանական օգնություն ցուցաբերելու գործնական հմտություններ և կարողություններ՝ աշխատելու ինչպես սպաների, այնպես էլ զինվորների հետ: Դասընթացն իրականացրեցին հոգեբանության ոլորտի փորձառու դասախոսներ Կամո Վարդանյանն ու Մարինե Սահակյանը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագետ Վարդան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց զեկույց «ՀՀ-ում պաշտպանական աշխարհաքաղաքական հիմնախնդիրները և կրոնական գործոնը» թեմայով, Տ. Սմբատ քհն. Սարգսյանը խոսեց զինծառայողի հոգեխնամքի մասին:

 

 

 

 

 

Արմավիրի թեմի Քարակերտ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի սաների մասնակցությամբ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվես» հեքիաթի բեմադրությունը: Տոնական այս հանդեսը ամփոփեց տարեսկզբին մեկնարկած «Երջանիկ մանկություն» ծրագրի գործունեությունը, որին իր աջակցությունն էր ցուցաբերել նաև Կլոր սեղան հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երեխաների ցերեկային խնամքը և կրթությունը, կահավորվել են խաղասենյակը, ննջասենյակը, դահլիճը կերպարային հագուստներով և սարքավորումներով համալրվել է հեքիաթի խմբակը: Երեխաները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էին ներկայացնում իրենց հերոսներին: Ծնողները գոհունակություն հայտնեցին կենտրոնում կատարվող աշխատանքի և երեխաների խնամքի վերաբերյալ: Կենտրոնի տնօրինությունը պատրաստակամ է շարունակելու Քարակերտ գյուղի երեխաների դաստիարակության և զարգացման աշխատանքը:

 

 

 

02.02Հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների ազնիվ բարերարությամբ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:


Արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Արագածոտնի թեմում սպասավորող հոգևորականները, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը, Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները և այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամները:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, ապա ամենքը «Քրիստոֆ Արմեն Քաբաբջյան» սրահում ներկա գտնվեցին այս առիթով կազմակերպված միջոցառմանը:


02.03Բացման խոսքով հանդես եկավ Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը: Այնուհետև խոսք ասաց բարերար Նադիա Քաբաբջյանը՝ անդրադառնալով նորակառույց հայորդյաց տան կառուցմանը՝ ի հիշատակ իր որդու՝ Քրիստոֆ Քաբաբջյանի: Տիկին Քաբաբջյանը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իրենց խնդրանքին ընդառաջելու և այս մտահաղացմանը ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը և Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը:


Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները: Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը: Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար: Սրբազանն այդ կապակցությամբ նաև իր շնորհակալությունը հայտնեց մարզային իշխանություններին՝ ի դեմս մարզպետ Աշոտ Սիմոնյանի, և շինարար Գագիկ Կարապետյանին:

02.13Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն՝ հայորդյաց տուն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները և կրթական հաստատության հարկի ներքո զարգացնեն ու զորացնեն իրենց տաղանդները՝ դառնալով արժանավոր զավակներն ազգի, հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Սաղմոսավանի հայորդյաց տունը Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող 10-րդ նույնաբնույթ կրթական հաստատությունն է: Վեհափառ Հայրապետը հայորդյաց տան բացման կապակցությամբ իր բարձր գնահատանքը փոխանցեց բարերարներին, Կլոր սեղան հիմնադրամին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել կրթօջախի կառուցման գործում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով հայցեց, որ Տերն Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ պահի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Վերջում Գարեգին Բ Հայրապետը՝ ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանի և բարերարների, շրջեց նորակառույց հայորդյաց տանը և ծանոթացավ մանուկների համար ստեղծված պայմաններին:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգ:

 

 

logoՄայիսի 31-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում սկսվեց Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի հերթական գագաթնաժողովը, որին մասնակցում են տարբեր եկեղեցիների և հարանվանությունների շուրջ 500 ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովը, որ կրում է «Դուք իմ վկաները պիտի լինեք» ընդհանուր խորագիրը, անցկացվելու է սույն թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը։


Եկեղեցիների Եվրոպական Խորհրդի Կառավարման խորհրդում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց պաշտոնապես ներկայացված է Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի անդամ, գագաթնաժողովին մասնակցում է պաշտոնական պատվիրակության հետևյալ կազմով՝ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (Առաջնորդ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի), Հոգեշնորհ Տ․ Շահե Ծ․ վարդապետ Անանյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն), Տիար Դոկտոր Կարեն Նազարյան (Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն) և Տիար Դոկտոր Խաչիկ Րաֆֆի Գազեր (Գերմանիայի Հայոց թեմ)։

Անժելա Գրգյանը ծնվել է Հալեպում: Հայաստան է եկել 4 տարի առաջ՝ մայրիկի հետ: Սիրիայում են մնացել քույրը, եղբայրը և հորաքույրը: «Այնտեղ նրանք աշխատում են, սեփական տունն ունեն, դրա համար ուզում են այնտեղ մնալ: Նաև այնտեղ ավելի բարձր է աշխատավարձը»,- նշում է Անժելան: Հարազատները նրան տեղեկացրել են, որ Հալեպում նախկինի պես մարդիկ այլևս չեն վախենում հրթիռներից և պայթյուններից: Սակայն հսկայական են սոցիալական խնդիրները:


«Ամեն ինչի գիները բարձրացել են, սակայն աշխատավարձքը մնացել է մոտավոր նույնը, ինչ պատերազմից առաջ էր: Նաև շատ մասնագետներ, օրինակ՝ բժիշկներ, հեռացան: Հայերն ալ շատ հեռացան: Առաջվանը չէ այլևս: Մինչև ե՞րբ, այլևս հայ չպիտի՞ մնա հոն, չգիտեմ՝ ոնց պիտի լինի վիճակը»,- ասում է Գրգյանը: Նաև իմացել է, որ սկսել են Հալեի համեմատաբար քիչ վնասված շենքերի վերականգնումը: Շատ տուժած շինությունների վերականգնումը հավանաբար կսկսվի խաղաղության վերջնական հաստատումից հետո:


Հայաստան գալուց հետո առաջին տարվա ընթացքում չի աշխատել: «Մոտավոր երկրորդ տարին էր, որ Կլոր սեղանը (ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ) կազմակերպեց վեբ դիզայնի դասընթացքը, որին հետևեցի: Շատ լավն էր, շատ արդյունավետ էր: Սովորեցինք վեբ դիզայն և կոդեր գրել»,-հիշում է Գրգյանը: Նա մինչև դասընթացին մասնակցելը դիզայնով արդեն զբաղվել է՝ Սիրիայում ստացել է դիզայների կրթություն: Ինտերնետ կայքերի պատրաստումը և կոդերի լեզուները սովորելուց հետո Անժելան սկսել է աշխատել որպես անկախ մասնագետ՝ աշխատելով հիմնականում տանից:


Ճիշտ է, վեբ դիզայն սովորելն իրեն շատ է օգնել, և ինքը դրա շնորհիվ ավելացրել է սեփական եկամուտը, սակայն Անժելան համոզված է՝ պետք է չսահմանափակվել միայն մեկ գործով, շարժվել առաջ և զարգանալ: «Եղավ մի տարի, որ ձեռքի աշխատանքներ անում եմ: Քանի որ սա էլ կապ ունի իմ կրթության՝ արվեստի հետ, որոշեցի տարբեր իրեր նկարեմ: Ապակիի, փորսելենի վրա նկարել եմ»,- ասում է Անժելան: Նրա հետ հանդիպեցինք սիրիահայերի համար ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում: Այնտեղ սիրիահայ երիտասարդ նկարիչ-վեբ դիզայները ներկայացրել էր իր հեղինակային շարֆերի, կերամիկայի և հուշանվերների տեսականին: «Եղավ մոտավոր 12 հատ ցուցահանդես, որ մի տարվա մեջ մասնակցել եմ: Լավ է, վաճառք ալ լինում է: Բայց Ֆեյսբուքում էլ դնում եմ, էնտեղից պատվերներ գալիս են»,- նշում է Անժելան:


Բացի վեբ դիզայնի դասընթացից, Անժելան մասնակցել է նաև Կլոր սեղանի կազմակերպած ռուսերենի դասընթացներին: Ասում է՝ շատ օգտակար էր. «Հայաստանում ռուսերենն օգտագործում են ինչպես մենք Սիրիայում արաբերենն էինք օգտագործում: Դասախոսն ալ լավն էր, խաղերի միջոցով բացատրում էր, հեշտ էր սովորելը»: Ռուսերենն օգտագործել է նաև ծրագրավորման դասընթացի արդյունքում ստացած գիտելիքն ու հմտությունները կիրառելիս՝ պատվիրատուների հետ շփման համար, քանի որ նրանցից ոմանք եղել են ռուսախոս:


Սակայն խնդիրներ էլ կան: Անժելայի խոսքով՝ որքան էլ սիրիահայերը կամ մյուսները Կլոր սեղանի կամ այլ կազմակերպության միջոցով դասընթացներ անցնեն, միևնույն է՝ անվստահ են աշխատանք գտնելու հարցում: «Միշտ էստեղ գործատուները փնտրում են պրոֆեսիոնալ մարդիկ, որ իրենց հետ աշխատեն: Դա է պատճառը, որ մարդկանց մեջ աշխատանք գտնելու հանդեպ անվստահություն կա»,- իր և բազմաթիվ այլ սիրիահայերի փորձն է կիսում Անժելա Գրգյանը: Այդուամենայնիվ, նա չի հուսահատվում և կոչ է անում անդադար փնտրել և նոր հմտություններ ձեռք բերել:


Դժվարությունները հիմնականում սոցիալական են, ասում է Անժելան: «Ոչ միայն իմ, այլև մյուս սիրիահայերու համար դժվար է տան վարձքը տալը, որովհետև ծախսերն ալ շատ են: Կա նաև օրենքներու իմացութեան խնդիր: Օրինակ՝ եթե որևէ մեկը պիտի գրանցվի, ճիշտ օրենքները պետք է իմանա, շատ են օրենքները»,- նշում է երիտասարդ սիրիահայ գործարար կինը: Սակայն այդ բացն ինքը լրացնում է՝ տարբեր սեմինարների և խորհրդատվությունների այցելելով: Հայաստանում մնալու ցանկություն ունի, ասում է՝ միակ պատճառը, որ կարող է իրեն դրդել մեկնել արտասահման, կլինի ցածր աշխատավարձը: «Վաստակը քիչ է, նույնիսկ եթե ֆրիլանս պատվերներ բերում եմ տուն տանից անում եմ, դա էլ շատ քիչ է, գումարը քիչ է, բայց հուսով եմ, որ գնալով ավելի կգնահատեն էս տեսակի վեբ դիզայնի աշխատանքներ»,- ասում է roundtable-act.am-ի զրուցակիցը:  Անժելա Գրգյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այցելելով նրա Ֆեյսբուքյան էջը: Նա նաև ունի Յութուբյան ալիք, որտեղ ներկայացնում է իր ձեռքի աշխատանքները:

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ հիմնված Գավառի համայնքային-կրթական կենտրոնի շահառուները և աշխատողները միացան «Մաքուր Հայաստան » ծրագրին և մաքրեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքը:


Երեխաներին և երիտասարդներին միացավ Գեղարքունիքի մարզպետարանի հուշարձանների պահպանության բաժնի աշխատակից Շուշան Հակոբյանը, և Գեղարքունիքի պատմամշակութային հուշարձանների մասին դաս անցկացրեց: Օրվա վերջում երեխաները մասնակցեցի ժամերգության, ստացան տեր Գնել քհն. Մարտիրոսյանի օրհնությունը և վառ տպավորություններով վերադարձան: Նմանատիպ միջոցառումները մեծացնում են երեխաների մոտ հայրենաճանաչողությունը և հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ:

 

 

 

 

 

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթացներ Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին թեմայով հոգևորականների և սոցիալական կենտրոնների աշխատակիցների համար: Վերապատրաստման դասընթացները իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:


Հոգևորականների խումբը Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ Արցախը, աջակցում են հիմնադրամին և գործում են արտակարգ իրավիճակներում ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում, կիրառում են սոցիալ հոգեբանական աջակցություն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:


ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի` «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Հանդուրժողականությունը երիտասարդության շրջանում» խորագրով քննարկումը:


Հանդիպան նախաձեռնողները «Կոնֆլիկտի փոխակերպումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Սեդա Մինասյանը և Սաթենիկ Համբարձումյանն էին: Քննարկմանը մասնակցում էր Սլավոնական համալսարանի «Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի» միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երեսունհինգ երկրորդ և երրորդ կուրսի ուսանող:


Նպատակն էր երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնել հանդուրժողականության ուսումնասիրման հարցում և կոնֆլիկտի վերաբերյալ ստացած գիտելիքները տարբեր ինտերակտիվ խաղերի և թեստերի միջոցով ներկայացնել ուսանողներին: Քննարկումը սկսվեց տարբեր պետությունների՝ Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Եգիպտոս, Կոնգո, ողջույնի ընդունված ձևի բեմադրությամբ, որը շատ անմիջական մթնոլորտ ստեղծեց ուսանողների համար:
Ինտերակտիվ քննարկումից հետո մասնակիցներին բաժանվեց հանդուրժողականության վերաբերյալ թեստ: Հանդիպման ավարտին ուսանողները նաև խաղացին «Դոմինո» ինտերակտիվ սիմուլյացիոն խաղը, որի նպատակն էր խմբում ստեղծել ազատ խոսքի և թափանցիկություն մթնոլորտ և ցույց տալ միմյանց, որ խմբում կարող են լինել տարբեր և նմանատիպ մտքեր: Ակտիվ խաղերից ու քննարկումներից հետո ուսանողները ցանկություն հայտնեցին մասնակցել նմանատիպ քննարկումների և ընդգրկել մեծ թվով երիտասարդների:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436